ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը շատ կարևոր էր, քանի որ նա երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, սակայն այս այցը հակառուսական չի եղել։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ քայլը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ էր, և, այո՛, պետք չէ այն թերագնահատել։ Բայց ի՞նչ հակառուսական տրամադրությունների մասին եք խոսում։ Անկեղծ ասած` կապ չեմ տեսնում, և տրամադրությունը չեմ տեսնում»,- նշեց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ 2019 թվականից Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն է սկսվել, և այս այցի շրջանակում կայացած հանդիպումների ժամանակ էլ քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման հարցերը։
Նշենք, որ Նենսի Փելոսին պաշտոնական այցով Երևան էր ժամանել սեպտեմբերի 17-ին։ Նա առաջին անգամ էր Հայաստանում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Փելոսին այցելել էր Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, ընդլայնված կազմով հանդիպում ունեցել Ազգային ժողովում, առանձնազրույց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ավելի ուշ նա այցելել էր Գաֆեսճեան արվեստի կենտրոն, իսկ երեկոյան հանդիպել էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ։
Փելոսիին ընդունել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։