Պատասխանատու ենք մեր գրական ժառանգության համար. մեկնարկել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը

Մեկնարկել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ, այդ թվում՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել Գրքի երևանյան 5-րդ փառատոնի բացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Փառատոնն այս տարի նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին. միջոցառումը մեկնարկել է գրողի մասին պատմող տեսաֆիլմով:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Արա Խզմալյան
Նա ընդգծել է՝ գրահրատարակչությունը, թարգմանական արվեստն այն ոլորտներն են, որոնք շատ խորն արմատներ ունեն, ինչի լավագույն խորհրդանիշը Մատենադարանն է` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը:
«Այն գանձերը, որոնք պահված են Մատենադարանում, ստեղծվել են ավելի սարսափելի պայմաններում՝ մշտական սպառնալիքի ներքո: Եթե մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն չկրի այն սխրագործությունների համար, որոնք մեր սուրբ հայրերն են դրսևորել, կպարտվենք այդ իսկ պահից»,–ասել է Խզմալյանը։
Մեկնարկել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը
Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչն այս տարի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է:
Նշենք, որ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն, որոնք տեղի կունենան Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:
Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Մեկնարկել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը