ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik.Կանադայի իշխանությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ին միանալու հետ: Տեղեկությունը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։
Կանադական պատժամիջոցներն անդրադարձել են Ռուսաստանի 43 քաղաքացու։ Ցուցակներում, մասնավորապես, ընդգրկել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ընտանիքի անդամներին՝ նրա տիկնոջը՝ Տատյանա Նավկային, ինչպես նաև երեխաներին՝ Ելիզավետային և Նիկոլային: Բացի այդ, սահմանափակումներին անդրադարձել են նաև ԲԷԲ.ՌՖ պետկորպորացիայի նախագահ Իգոր Շուվալովի և «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովի ընտանիքների անդամներին։
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Օտտավան նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ ԴԺՀ–ում ու ԼԺՀ–ում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների պատճառով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ:
Սեպտեմբերի 30–ին, արդեն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Խերսոնի և Զապորոժիեի մարզերը որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին հրամանագրեր ստորագրեց։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 218-րդ օրը։