ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Իվանովի մարզում հայազգի ոստիկանն ընկերոջ հետ հրդեհից փրկել է երկու կանանց և մանկահասակ երեխաների։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանության տեղամասային տեսուչ, կապիտան Ռաֆայել Մելքումյանն աշխատանքից հետո ընկերոջ հետ տան բակում է եղել և մանկական ճիչեր է լսել ու մոտակայքում ծուխ նկատել։ Տղամարդիկ շտապել են հրդեհի վայր։
Նշվում է, որ երբ նրանք տեղ են հասել, տունն արդեն ամբողջությամբ կրակի մեջ էր։ Տանտիրուհին իր երկու փոքրիկ երեխաների հետ կից շինության տանիք էր բարձրացել։ Ոստիկանն ու ընկերը գտել են սանդուղք, որով իջեցրել են կնոջն ու երեխաներին՝ 2-ամյա աղջնակին և 5-ամյա տղային։
Կինը հայտնել է, որ այրվող տանը մնացել է իր տարեց հարևանուհին։ Տղամարդիկ թոշակառու կնոջը տարհանելու համար կցակառույցի տանիքին աստիճան են մոտեցրել։ Ռաֆայել Մելքումյանն աստիճանով բարձրացել է, կոտրել պատուհանի ապակին ու օգնել տարեց կնոջը դուրս գալ։ Դրանից հետո էլ ոստիկանության կապիտանը կնոջն ու փոքրիկ երեխաներին իր տուն է տարել, կերակրել նրանց, տաք հագուստ տրամադրել։
Նշվում է, որ հիմա էլ հայազգի ոստիկանը շարունակում է օգնել փրկված հարևաններին՝ նրանց համար անհրաժեշտ իրեր հավաքելով։