Հայ–ադրբեջանական սահմանին դիտորդներն ավելի շատ խանգարելու են իրար, իսկ հետո պատասխանատվությունը գցելու են մեկը մյուսի վրա, եթե գրանցվեն նորանոր միջադեպեր, առավել ևս, որ դրանց կրկնությունը կասկածից վեր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին իր թվիթերյան էջում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սադրանքին` նշել էր, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի օկուպացրած հայկական սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն են։
«Հայ–ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցում բախվելու ենք բավական լուրջ բարդությունների, որովհետև նախ պետք է պարզել, թե ովքեր են լինելու դիտորդները և ինչ պարտականություններ ու լիազորություններ են ունենալու։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, թե որ երկրներից են լինելու այդ դիտորդները և արդյո՞ք ընդունելի են լինելու Ադրբեջանի համար ևս։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, մինչդեռ դիտորդները, ամենայն հավանականությամբ, լինելու են Եվրոպայից, ուստի իրավական առումով ստեղծվում է բավականին հետաքրքիր իրավիճակ»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանի դիտարկմամբ` չի բացառվում, որ դիտորդների ցանկում լինեն նաև Թուրիքայի ներկայացուցիչները։ Նրանցից զատ կարող են ներգրավվել նաև ԱՄՆ–ի ու եվրոպական երկրների դիտորդները, բայց թե նրանք որքանով կլինեն անաչառ կամ որքանով նրանց խոսքը պարտադիր կլինի կատարման համար, դեռ պարզ չէ։
«Դիտորդները միայն արձանագրելու են կրակոցների փաստը կամ այն հանգամանքը, թե կողմերից որ մեկն է սկսել ռազմական գործողությունները։ Հիմա էլ աշխարհի պետությունների մեծ մասը ՄԱԿ–ի ամբիոնից հայտարարում է, որ Ադրբեջանն ագրեսոր է և պետք է զորքերը դուրս բերի ՀՀ տարածքից, բայց Ադրբեջանը հետևելո՞ւ է արդյոք այդ կոչերին ու հորդորներին։ Իհարկե ոչ, հետևաբար պարզ չէ, թե դիտորդների առկայությունը ինչքանով կնպաստի նրան, որ մեզ մոտ հաստատվի տևական խաղաղություն։ Տվյալ հարցերը խորն ու մանրազնին ուսումնասիրության կարիք ունեն»,– նշեց Բալասանյանը։
Նրա կարծիքով` պետք է ուսումնասիրվի նաև միջազգային փորձը, որպեսզի հակասությունների տեղիք չտանք ՀԱՊԿ անդամ երկրների և մյուս պետությունների դիտորդների միջև, կամ եթե նման հակասություններ առաջանան, ինչպես դրանք հարթենք։ Ըստ նրա` պատասխանատուները դեռ լավ չեն պատկերացնում խնդիրները, հետևաբար պետք չէ հուզական ֆոնի ներքո հայտարարություններ անել դիտորդների գալու անհրաժեշտության վերաբերյալ։
«Պետք է սառը գլխով դատել, նստել և հանգիստ քննարկել, թե ինչպես դուրս գանք այս ծանր վիճակից` առանց նոր խաղացողներ ներգրավելու, որովհետև ամեն նոր խաղացող, ով գա տարածաշրջան, իր պահանջներն է թելադրելու»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանի գնահատմամբ` կոնֆլիկտը միջազգայնացնելու խնդիր այլևս չունենք, որովհետև վերջին ադրբեջանական ագրեսիան արդեն իսկ գտել է լայն արձագանք, այդ մասին խոսում են եվրոպական ու ասիական մայրաքաղաքներում, արդեն ՀԱՊԿ–ն է այդ առումով ցուցաբերում ակտիվություն։ Ըստ նրա` ամենակարևորն այն է, որ աչքը բուժելու փոխարեն ունքն էլ չհանենք, չստացվի, որ լավն էինք ուզում, բայց ավելի վատ եղավ։
Միջազգայնագետի պնդմամբ` դիտորդների խմբում նախևառաջ պետք է լինեն ՌԴ–ի, Իրանի և Վրաստանի ներկայացուցիչները, ովքեր քաջածանոթ են տարածաշրջանին, և նրանց ներկայությունն ընդունելի կլինի երկու կողմերի համար։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ: