ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը չի փոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Այս պահին հայտնի է, որ լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 210-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 4 անձ, 1 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: