Չի կարող լինել խաղաղության դարաշրջանի հոգեհանգիստ, եթե այն դեռ ծնված չէ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե մեկ ամիս, կես տարի կամ 3 տարի կրակոցներ չկան, ապա դա դեռ չի նշանակում, թե խաղաղություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ինչքան սուր է վիճակը, այնքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը։ Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այն, թե ինչպես է ընդդիմությունը բնորոշել ՄԱԿ-ում իր ելույթը։ Մասնավորապես, այն անվանվել էր «խաղաղության դարաշրջանի հոգեհանգիստ»։
«Հոգեհանգստի համար կա պարտադիր պայման․ այն ծնված, հասունացած, տարիքն առած ու մահացած պետք է լինի, իսկ չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որը դեռ չի ծնվել։ Մեր ամբողջ խնդիրն ու նպատակն այն է, որ Հայաստանում բացվի խաղաղության դարաշրջան։ Մենք չենք հայտարարել, որ այսօրվանից բացվեց խաղաղության դարաշրջան, այլ ասել ենք, որ խնդիր է այդ դարաշրջանը ստեղծելը»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա իրենց առաքելությունն է, թեպետ նաև հասկանում են, որ դա միայն իրենցից չի կախված։
Ընդգծեց՝ պետք է ճիշտ ընկալել նաև «խաղաղություն» բառը։ Եթե մեկ ամիս, կես տարի կամ 3 տարի կրակոցներ չկան, ապա դա դեռ չի նշանակում, թե խաղաղություն է։
«Խաղաղությունը շատ լուրջ ինստիտուցիոնալ երևույթ է»,- նշեց Փաշինյանն ու հավելեց, որ երրորդ հանրապետության պատմության մեջ դժվար է գտնել երեք ամիս, երբ չեն կրակել։