Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին հրավիրել են ՀՀ ԱԳ նախարարություն

Ալեքսանդր Կոնյուկ. Արխիվային լուսանկար
Դեսպանին է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները Բելառուսի ԱԳ նախարարի` Փելոսիի այցի մասին հայտարարության կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին հրավիրել են ՀՀ ԱԳ նախարարություն։ Այս մասին հայտնում են արտաքին քաղաքական գերատեսչությունից` ի պատասխան news.am-ի հարցի։
Խնդիրը պայմանավորված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի վերաբերյալ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի արած հայտարարության հետ։
«Դեսպանին է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»,-հայտնում են ԱԳՆ–ից:
Հիշեցնենք` Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Հայաստան ասել էր, որ արևմտյան գործիչների այցերը ՀԱՊԿ երկրներ ոչ թե օգնում են հակամարտությունների կարգավորմանը, այլ ավելի են սրում դրանք։
Հույս չդնել դրսի հորեղբայրների և մորաքույրների վրա. Բելառուսի ԱԳՆ-ն` Փելոսիի ՀՀ այցի մասին
Նշենք, որ Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Փելոսին այցելել էր Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, ընդլայնված կազմով հանդիպում ունեցել Ազգային ժողովում, առանձնազրույց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ապա համատեղ ճեպազրույց էր տվել նույն ԱԺ-ում։ Ավելի ուշ նա այցելել էր Գաֆեսճեան արվեստի կենտրոն, իսկ երեկոյան հանդիպել էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ։Փելոսիին ընդունել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։