Բաքուն չի ցանկանում, որ իր քաղաքացին առնչվի ՀՀ մաքսավորի և սահմանապահի հետ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ–ադրբեջանական սահմանին կարող է, օրինակ, ռուս սահմանապահ կանգնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանային ճանապարհների իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա, որի դեպքում սահմանին լինի մաքսային և անձնագրային հսկողություն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենի վերաբերյալ Ադրբեջանն աշխատանքային մակարդակով առարկություն չի ներկայացնում։ Ադրբեջանը միայն ասում է` քանի որ սուր կոնֆլիկտային իրավիճակ է, իրենք չեն ցանկանում, որ իրենց քաղաքացին առնչվի Հայաստանի մաքսավորի և սահմանապահի հետ։ Մենք էլ, բնականաբար, չենք ցանկանում, որպեսզի Հայաստանի քաղաքացին առնչվի մաքսավորի և սահմանապահի հետ»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` տարբերակ կա` Հայաստանն ինստիտուցիոնալ լուծման հնարավորություն ունի, որ սահմանին, օրինակ, ռուս սահմանապահ կանգնի։ Վարչապետի պնդմամբ` եթե ադրբեջանական կողմում էլ ռուս սահմանապահ չկանգնի, ապա սկզբունքն այդ դեպքում էլ կխախտվի։
«Հիմա Եվրոպայում էլ մաքսային հսկողությունն իրականացնում է ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպությունների են այդ գործառույթը պատվիրակում։ Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում։ Ադրբեջանը եթե համաձայն է, ապա մենք կարող ենք գնալ այդ լուծմանը, և սա ես պաշտոնապես եմ ասում։ Մեկ այլ խնդիր էլ կարող է լինել, որպեսզի անձնագրերում կնիք չլինի։ Դա էլ կարող է լինել։ Աշխարհում էլ նման պրակտիկա կա, էլեկտրոնային կերպով է այդ ամենն արվում»,– ընդգծեց Փաշինյանը։
Խոսելով հարկային հսկողության մասին` նա ասաց, որ կարծես թե համաձայնություն կա, որ ճանապարհային հարկը վճարվի, քննարկվում է բնապահպանական վճարի հարցը։ Վարչապետը շեշտեց, որ պետք է լինեն նաև ապրանքներ, որոնց տարանցումը կարգելվի։
Կյանքն ադրբեջանական մաքսակետից հետո. ինչպես են ապրում բարձրավանցիներն ու որոտանցիները
«Եռակողմ հայտարարության մեջ կա այն, որ տրանսպորտային երթևեկության նկատմամբ հսկողություն է իրականացնում ՌԴ սահմանապահ ծառայությունը։ Կա նաև մի տարբերակ, որ սկզբնական շրջանում կազմակերպված շարասյուներով տեղաշարժը լինի։ Հայաստանում անվտանգությունը պետք է ապահովի ՀՀ համապատասխան ծառայությունը։ Լավ կլինի, սակայն, որպեսզի այդ շարասյան մեջ լինեն նաև ռուս սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ, որ խնդիրների դեպքում հաղորդակցության հետ կապված հարցը լուծվի»,– նշեց Փաշինյանը։
Խոսելով երթուղու մասին` նա ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է հնարավորինս կարճ ու արդյունավետ երթուղի ունենալու մեջ, որպեսզի տրանզիտային հոսքերից հնարավորինս մեծ եկամուտներ լինեն։
Իրավիճակը Սյունիքում` Կապան–Ճակատեն ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրումից հետո