ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում կրակել են փախստականների շարասյան ուղղությամբ, ինչի հետևանքով ավելի քան 30 մարդ է մահացել, որոնց թվում նաև երեխաներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ-ում ԼԺՀ դեսպան Ռոդիոն Միրոշնիկին:
«Ուկրաինայի զինված ուժերի մշտական հարձակումների պատճառով արտակարգ ծառայությունները չեն կարողանում մարմինները դուրս բերել ողբերգության վայրից: Այժմ, երբ Խարկովի մարզի տարածքում մարտական ակտիվ գործողություններ են սկսվել, ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք մեկնում են Ռուսաստանի Բելգորոդի մարզի ուղղությամբ կամ անցնում են մեր տարածքով»,– ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Նշենք, որ Խարկովի մարզում փախստականների շարասյուն էին գնդակոծել նաև ապրիլին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 217-րդ օրը։