Թուրքիայում աննախադեպ գնաճ է. Էրդողանը հույս ունի` ԿԲ–ն տոկոսադրույքը կհասցնի միանիշ թվի

Թուրքիայի կենտրոնական բանկն անցյալ շաբաթ որոշում է կայացրել նվազեցնել հաշվարկային տոկոսադրույքը մինչև 12 տոկոս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ երկրի Կենտրոնական բանկը մինչև տարեվերջ մինչև միանիշ թվի կիջեցնի տոկոսադրույքը:
Թուրքիայի կենտրոնական բանկն անցյալ շաբաթ որոշում է կայացրել մինչև 12 տոկոս նվազեցնել հաշվարկային տոկոսադրույքը:
«Հուսով եմ, որ հաջորդ նիստում մի փոքր ևս կնվազեցնենք։ Մենք պետք է մինչև տարվա վերջ միանիշ ցուցանիշի հասցնենք տոկոսադրույքը»,-ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է թուրք առաջնորդը լրագրողների հետ զրույցում։
Թուրքիայի կենտրոնական բանկն ընթացիկ տարում անփոփոխ է պահել տոկոսադրույքը 14% մակարդակի վրա, իսկ լիրան աստիճանաբար թուլացել է. եթե հունվարի վերջին բորսայական փոխարժեքը կազմել է մոտ 13,5 լիրա մեկ դոլարի դիմաց, փետրվարի վերջին արդեն 14 լիրա, իսկ այժմ գերազանցել է 18,5 լիրան: Տարեկան կտրվածքով գնաճը, երկրի վիճակագրության ինստիտուտի տվյալներով, օգոստոսին բարձրացել է մինչև 80,21 տոկոս: