Այո′, ողջ աշխարհում երևի մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, որոնք բավարար համարձակություն և պարկեշտություն ունեն խոստովանելու՝ պարտության համար ես ինքս եմ պատասխանատու։ Եվ խոսքը բոլորովին միայն պատերազմական պարտությունների մասին չէ։ Ինչպես դիպուկ նկատել է շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Բոբի Ֆիշերը, համակարգիչը այն միակ մրցակիցն է, որը պարտությունից հետո արդարացում չի փնտրում։
Ներկա չեմպիոն Մագնուս Կարլսենի պարտությունը համաշխարհային սկանդալի վերածվեց։ Նորվեգացուն, իհարկե, կարելի է հասկանալ՝ ավելի քան 50 խաղերում ոչ մի պարտություն չէր կրել և հանկարծ այս ամսվա սկզբին անսպասելիորեն պարտվեց Սենտ-Լյուիսում անցկացվող միջազգային մրցաշարի ամենաթույլ մասնակցին՝ ամերիկացի Հանս Նիմանին։
Պատկերացրեք՝ որքան էր խոցված աշխարհի չեմպիոնի ինքնասիրությունը, որ այդ պարտությունից հետո նա ընդհանրապես հրաժարվեց մրցաշարին մասնակցելուց։ Ավելին, երբ մոտ 10 օր առաջ Կարլսենն ու Նիմանը հրկին հանդիպեցին մեկ այլ մրցաշարում, աշխարհի չեմպիոնը մրցակցի հենց երկրորդ քայլից հետո ցուցադրաբար հանձնվեց, կարծես հասկացնելով Նիմանին՝ քեզ հետ երկու քայլից ավելի ընդհանրապես հնարավոր չէ խաղալ։
Լավ, ի՞նչ է արել Հանս Նիմանը։ Ի պատասխան բոլոր կողմերից հնչող այս հարցին, Մագնուս Կարլսենը սոցիալական ցանցերում տեղադրեց մի կարճ տեսահոլովակ, որում ֆուտբոլային հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասում է. «Եթե ես սկսեմ խոսել, մեծ խնդիրներ կունենամ»։
Այս շաբաթ աշխարհի չեմպիոնը վերջապես խոսեց, մեղադրելով Նիմանին խարդախության և խաբեության մեջ, սակայն որևէ հիմնավորում այդպես էլ չներկայացրեց։ Հայտնի շախմատիստների արձագանքը խիստ տարբեր էր։ Ոմանք, ինչպես օրինակ, գրոսմայստեր Սյուզան Պոլգարը, փաստեցին, որ շախմատի աշխարհում խարդախությունը իրոք վերջին տարիներին դարձել է սովորական երևույթ։ Այնինչ, Անատոլի Կարպովը և Նայջել Շորտը պնդեցին, որ վերլուծել են Նիմանի մասնակցությամբ պարտիաները և որևէ խարդախություն չեն հայտնաբերել։ Լևոն Արոնյանի արձագանքը կարելի է «չեզոք» անվանել. «Ես հասկանում եմ Մագնուսի դժգոհությունը։ Իսկապես համարում եմ, որ Հանսը ամենաազնիվ խաղացողը չէր առցանց շախմատում։ Բայց ինքը երիտասարդ է, և հույս ունեմ, որ սա նրա համար դաս կլինի»։
Հիշո՞ւմ եք Շուրիկի արկածների մասին հայտնի կինոկատագերգությունը, երբ ուսանողը մտնում է քննության՝ գլխին վիրակապ, որում ականջակալն է թաքցնում և լսում դրսում նստած ընկերոջ թելադրած պատասխանները։ Ա′յ, մոտավորապես այսպիսի խորամանկության մեջ են շատերը մեղադրում Հանս Նիմանին։ Իհարկե, հիմա գիտությունն այնքան է զարգացել, որ բավական է խաղից առաջ ոտքիդ կապես մի փոքրիկ սարք, որի թրթռոցը քեզ կհուշի ամենաճիշտ քայլը։ Ընդ որում, այդ սարքն այնպիսի նյութերից է պատրաստված, որ նույնիսկ ամենազգայուն մետաղորսիչը չի հայտնաբերի։
Նման մեղադրանքներին Հանս Նիմանը պատասխանել է. «Ուզո՞ւմ եք, խաղից առաջ շորերս հանեմ և լրիվ մերկ վիճակում անցկացնեմ պարտիան։ Կամ հանդիպեմ մրցակցիս հետ մի արկղում, որը ոչ մի էլեկտրոնային ազդանշան բաց չի թողնում։ Խնդրեմ, եկեք փորձենք», առաջարկել է ամերիկացի շախմատիստը։
Իրականում խորամանկության մեղադրանքները բոլորովին նոր երևույթ չեն։ Հիմա արդեն քչերն են հիշում, որ ժամանակին, երբ Անատոլի Կարպովը և Վիկտոր Կորչնոյը պայքարում էին շախմատային թագի համար, Կարպովին սև հաղարջի յոգուրտ բերեցին։ Վրդովված Կորչնոյը աղմուկ բարձրացրեց, պնդելով, որ կամ դա նախօրոք պայմանավորված հուշում էր, կամ էլ յոգուրտի մեջ հատուկ դեղանյութ կար, որը խթանում էր ուղեղի աշխատանքը։
Համաձայնե′ք, շատ դժվար է միանշանակ գնահատական տալ Մագնուս Կարլսենի մեղադրանքներին։ Մի կողմից, Հանս Նիմանի հետ կապված զարմանալի պահեր իսկապես կան։ Տեսեք։ Դեռ մեկուկես տարի առաջ նա իր վարկանիշով աշխարհում 800-րդն էր՝ այսինքն, ամենաթույլ խաղացողներից մեկը։ Իսկ հիմա այդ նույն Նիմանի անունը աշխարհի 50 ամենաուժեղ շախմատիստների ցանկում է հայտնվել։
Եթե պնդեք, որ այդ սլացիկ թռիչքը կասկածներ է հարուցում, ձեզ անմիջապես կհակադարձեն՝ ոչ մի արտասովոր բան չկա, բոլոր երիտասարդ տաղանդներն էլ այդ ճանապարհն են անցել՝ շատ արագ փորձ են ձեռքբերում և առաջատար դիրքեր են նվաճում՝ հաղթելով ամենահայտնիներին։ Միգուցե նույնիսկ շուտով կզբաղեցնեն այդ ամենահայտնիների տեղը։ Մանավանդ որ Մագնուս Կարլսենը դեռ մինչև այս սկանդալը հայտարարել էր՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար այլևս չեմ պայքարելու, հոգնել եմ։
Միանգամից հիշեցի ֆիններին։ Երևի գիտեք, որ ՄԱԿ-ն ամեն տարի անվանում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Երբ այս տարի Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ արժանացավ այդ կոչմանը, ֆիններից մեկը կեսկատակ ասաց. «Արդեն հոգնել ենք աշխարհում ամենաերջանիկը լինելուց»։ Համաձայնեք՝ իրոք երջանիկ է այն ազգը, որը հոգնել է երջանիկ լինելուց։