ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Պղնձի համաշխարհային շուկայում կատարվող փոփոխություններից պղնձի արդյունահանման մեծ պոտենցիալ ունեցող Հայաստանը կարող է շահող դուրս գալ, եթե կարողանա ճիշտ կառավարել իր պաշարներն ու տնտեսական կարողությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ինժեներ–մետալուրգ, Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակից Գագիկ Շոլինյանը` գնահատելով պղնձի համաշխարհային շուկայի ներկա վիճակն ու կանխատեսումները։
«Ամենավատ կանխատեսումներով` պղնձի 1 տոննայի արժեքը կարող էր նվազել մինչև 3-4 հազար դոլար։ Հիմա պղնձի հմաշխարհային գինը 7000 դոլարի սահմաններում է։ Այնպես որ, կարող ենք համարել, որ վիճակը դեռ կայուն է։ Հայաստանի համար սա վատ գին չէ. նույն գինն է, ինչ մի քանի տարի առաջ էր»,– ասաց մասնագետը։
Իհարկե, մինչ ռուս–ուկրաինական կոնֆլիկտն արված համաշխարհային կանխատեսումների համաձայն` այս տարի պղնձի 1 տոննայի գինը պետք է հասներ 10-15 հազար դոլարի, բայց աշխարհում ստեղծված նոր իրավիճակը բացասաբար ազդեց նաև պղնձի շուկայի վրա։
Էներգակիրների դեֆիցիտի ու արտադրական ծավալների կրճատման հետևանքով աշխարհում պղնձի պահանջարկը նվազեց` հանգեցնելով նաև գնի նվազման։
Փորձագիտական գնահատականներով` 2022թ–ի մարտի սկզբից (ռուս–ուկրաինական կոնֆլիկտին զուգահեռ) պղնձի համաշխարհային գինը նվազել է շուրջ 1/3-ով։
Այդուհանդերձ, ապագայի կանխատեսումներն այնքան էլ հոռետեսական չեն։
Համաշխարհային վերջին հեղինակավոր վերլուծությունների համաձայն` պղնձի պահանջարկի անկումն ու էժանացումը ժամանակավոր երևույթ է։
Առաջիկա 1-2 տարում պղնձի համաշխարհային պահանջարկի նոր ակտիվացում ու որպես դրա հետևանք` նաև գների բարձրացում է կանխատեսվում։
Այս կանխատեսումների իրականացման դեպքում, Շոլինյանի խոսքով, Հայաստանը` որպես պղինձ արտահանող երկիր, շատ ավելի շահեկան դիրքում կհայտնվի։ Մնում է, որ ՀՀ իշխանությունը կարողանա ճիշտ օգտագործել իր բնական ռեսուրսներն ու դրանից հնարավորինս շատ օգուտ քաղել։
«Հայաստանում բավական մեծ հանքավայրային պաշար կա, բայց ամբողջ պաշարը չի կարելի միանգամից արդյունահանել։ Ոչ մի երկիր նման բան չի անում։ Պաշարների մի մասը պահում են որպես ռեզերվ հաջորդ սերունդների համար»,– ասաց մեր զրուցակիցը` հիշեցնելով, որ Հայաստանն այսօր տարեկան միջինը 350 000 տոննա խտանյութ է արդյունահանում։
Այս ծավալը, նրա գնահատմամբ, բավարար է մեր երկրի համար ու ավելացման կարիք չկա։
Իսկ շահույթներն ավելացնելու համար ՀՀ իշխանությունը պետք է մտածի ոչ թե հանքարդյունահանման ծավալներն ավելացնելու, այլ պղնձի վերամշակումը, մետաղի արտադրությունը զարգացնելու մասին։
«Մենք մեր բնությունը, փաստորեն, փչացնում ենք, հանքեր ենք շահագործում, ստանում ենք պղնձի խտանյութ ու տալիս ենք ուրիշ երկրների, որոնք դրանից շարունակում են շահույթ ստանալ իրենց մոտ` հաղորդալար են արտադրում, էլեկտրաշարժիչ են ստանում մեր ուղարկած պղնձով, հետո մեր վրա ծախում են, մենք էլ դրսից ներկրում ենք։ Այնինչ կարող էինք տեղում արտադրել ու ինքներս արտահանել»,–ասաց Շոլինյանը։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցը հիշեցրեց, որ Ալավերդիում տարեկան 40-45 հազար տոննա պղինձ էր արտադրվում։ Իսկ 2018թ–ին, գործարանի փակվելուց հետո, Հայաստանում պղնձի վերամշակում չի իրականացվում, պղնձի ամբողջ արդյունահանված պաշարն էլ Հայաստանից արտահանվում է բացառապես հանքաքարի տեսքով։
«Նման ձևը հատուկ է գաղութային երկրներին, որոնք ամբողջ հումքը արտահանում են։ Նորմալ երկրները հանքանյութը մշակում են»,– նկատեց մասնագետը։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանից 2.5 մլն տոննա պղինձ է արտահանվել, որից շուրջ 2 մլն–ը` խտանյութի տեսքով։
Ընդ որում` հայկական պղնձի արտահանումից ստացվող եկամուտն այս տարիների ընթացքում որոշ փոփոխությունների է ենթարկվել` կախված համաշխարհային շուկայում գնի տատանումներից։
Օրինակ` եթե 2018թ–ին արտահանված 424 815,2 տոննայի դիմաց շահույթը կազմել է 525 520 400 դոլար, ապա 2021թ-ին արտահանված 429 483,2 տոննայի շահույթը 150 մլն դոլարով ավելի է եղել (769 257 800 դոլար):
Bloomberg հեղինակավոր պարբերականը նախօրեին հրապարակած վերլուծական հոդվածում կանխատեսում է արել, որ մինչև 2040 թվականը պղնձի համաշխարհային պահանջարկը 50%-ով, իսկ մինչև 2025 թվականը պղնձի 1 տոննայի միջին գինը լոնդոնյան բորսայում գրեթե կրկնակի կբարձրանա` հասնելով 15 000 դոլարի։
Այս կանխատեսումը վերլուծության հեղինակները պայմանավորում են առաջիկա տարիներին աշխարհում այլընտրանքային էներգիայի ու կանաչ արտադրության զարգացման միտումներով։
Ըստ այդմ` առաջիկայում սպասվում է արևային էլեկտրակայանների ու էլեկտրամոբիլների թվի շեշտակի աճ, իսկ քանի որ դրանցում մեծ քանակությամբ պղինձ է օգտագործվում, ավելանալու է նաև պղնձի համաշխարհային պահանջարկը` հանգեցնելվ նաև գնի բարձրացման։
Նշենք, որ անցնող շաբաթ պղնձի համաշխարհային գինը մեկ տոննայի դիմաց 7700 դոլարի սահմաններում էր։