ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Խոակին Կապառոսը դադարեցնում են համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը»,– ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարությունն ու Խոակին Կապառոսի հետ համատեղ աշխատած անձնակազմը շնորհակալությունն են հայտնում իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում հետագա կարիերայի ընթացքում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին լրագրողները Ուկրաինայի թիմի հետ խաղից հետո հրաժարվեցին լուսաբանել Կապառոսի ասուլիսը: Նրանք հայտարարեցին, որ եթե 0։5 հաշվով պարտությունից հետո էլ հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական չի տալիս, իրենք հարցեր չունեն նրան տալու։ Իսպանացին շատ հանգիստ պատասխանեց, որ իր պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ավարտվում է նոյեմբերի 30-ին, և ինքը շարունակելու է աշխատել մինչև այդ ժամկետը։
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Ազգերի լիգայի ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0։5 հաշվով պարտվեց Ուկրաինայի հավաքականին։
A դիվիզիոնի ընտրական խմբում Հայաստանի հավաքականն այս պահին 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջին տուրում Կապառոսի սաները Երևանում 1։0 հաշվով հաղթեցին Իռլանդիային, հետո 0։2 հաշվով պարտվեցին Շոտլանդիային և 0:3 հաշվով Ուկրաինային։ Երևանում Շոտլանդիայի հետ պատասխան խաղում հավաքականը կրկին պարտվեց (1:4), իսկ սեպտեմբերի 27-ին Դուբլինում Իռլանդիայի հետ խաղն ավարտվեց 3:2 հաշվով, հաղթեցին իռլանդացիները:
Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2020 թվականի մարտի 10-ին։