Խաղողագործներին խոստացած որոշումն ընդունվեց. երկարացվել է պայմանագրերի կնքման ժամկետը

Սեպտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում շուրջ 30 000 տոննա խաղողի մթերման խնդիր կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցան ու քննարկման ընդունվեց մի որոշում, որի մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնարկել էր երեկ` սեպտեմբերի 28-ին խաղողի մթերումից դժգոհ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ։
Ընդունված որոշմամբ կառավարությունը որոշ փոփոխություններ է կատարել խաղողի մթերման ու վերամշակման ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերում։
Մասնավորապես` եթե գործող որոշմամբ կառավարությունը սուբսիդավորում է մինչև հուլիսի 1-ը կնքված մթերման պայմանագիր ունեցող գյուղացիական տնտեսությունների վարկի գումարները, ապա նոր որոշմամբ սահմանվել է պայմանագրի կնքման նոր ժամկետ` սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։ Վարկերը տրամադրվելու են մինչև 4 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվելու են 11 տոկոսով։ Վարկի մայր գումարի մարման համար սահմանվել է 2 տարվա արտոնյալ ժամկետ։
Սուտ խոսելով ման ես գալիս. խաղողագործները Վահան Քերոբյանին մեդալ տվեցին խաբելու համար
Վերամշակողների համար խաղողի մթերումների նպատակով 2022 թվականին տրամադրվող վարկի չափը հաշվարկվելու է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը կնքված պայմանագրերում նշված գներով։
Նշենք, որ կառավարության տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում շուրջ 30 000 տոննա խաղողի մթերման խնդիր կա։ Այն լուծելու համար առանձին վերամշակող ընկերություններ պատրաստակամություն են հայտնել լրացուցիչ մթերումներ կատարել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, մինչև ս.թ. հուլիսի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է խաղողի գնման 5213 պայմանագիր` ընդհանուր 117 200 000 տոննա խաղողի համար։
Կառավարության համոզմամբ, մթերման պայմանագրերի կնքման վերջնաժամկետի փոփոխությունը թույլ կտա կնքել լրացուցիչ պայմանագրեր ու կատարել լրացուցիչ մթերումներ։
Խաղողի մթերման պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2022-2023 թվականների համար Էկոնոմիկայի նախարարությանը բյուջեից հատկացվել է 15 մլրդ դրամ։ Լրացուցիչ սուբսիդավորումը նախատեսվում է իրականացնել այդ գումարի շրջանակում։
Նշենք, որ 2024 թվականի համար նախատեսվում է 530 մլն, 2025 թվականի համար՝ 829 մլն դրամ սուբսիդավորման անհրաժեշտություն։
Հիշեցնենք` Արմավիրի մարզի խաղողագործները, Մեծամոր և Սարդարապատ համայնքների ղեկավարները սեպտեմբերի 28-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` բարձրաձայնելու խաղողի մթերման գնի հետ կապված խնդիրները։ Ավելի ուշ նրանք կառավարությունից գնացին էկոնոմիկայի նախարարություն, որտեղ հանդիպում ունեցան նախարար Քերոբյանի հետ, որտեղ նախարարը իբրև առաջացած խնդիրների լուծման տարբերակ խոստացավ` վաղը կառավարությունում ապրանքի մթերման և գնի վերաբերյալ որոշում կկայացվի։