ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է պարզեցնել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը, ինչի շնորհիվ ուսուցիչը կարող է ավելի բարձր որակավորում ստանալ, հետևաբար` նաև բարձր աշխատավարձ։
Կառավարության ուսումնասիրությունների համաձայն, սակայն, 2012թ–ից գործող կարգն իրականում արդյւնավետ չի եղել և ցանկալի արդյունքների չի հանգեցրել։
Ինչպես այսօր ՀՀ կառավարութւյան նիստում որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, 10 տարվա ընթացքում այդ մեխանիզմից օգտվել են ուսուցիչների միայն 6.2 տոկոսը։ Պատճառը, ըստ փոխնախարարի, համակարգում դրված ոչ ճիշտ պահանջներն են։
«Ներկայացված բնութագրերը, որոնց համապատասխանելու դեպքում ուսուցիչները կարող էին ստանալ 10-50 տոկոս հավելավճար, ավելի շատ բնութագրում էին ոչ թե ուսուցչի ամենօրյա գործունեությունը, այլ վերաբերում էին այլ ցուցանիշների։ Օրինակ` ուսուցչի կողմից հոդվածների հրապարակումը, նրա աշակերտների կողմից օլիմպիադաներում տեղ զբաղեցնելը»,– ասաց Անդրեասյանը։
Բացի այդ,գործող կարգը նաև հերթականության սկզբունք էր նախատեսում։ Դրա համաձայն` որակավորման 1-ին աստիճանի տարակարգ ստանալուց հետո 2-րդ աստիճանի տարակարգի համար ուսուցիչը կարող է դիմել միայն 2 տարի անց, 3-րդի համար՝ 2-րդը ստանալուց 3 տարի անց և 4-րդ աստիճանի տարակարգի համար՝ 3-րդը ստանալուց 4 տարի անց: Այսինքն`ընդհանուր առմամբ 4-րդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու և աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից պահանջվում էր առնվազն 9 տարի:
Այս երկարատև ու անարդյունավետ համակարգի պատճառով, ըստ ԿԳՄՍՆ–ի, նույնիսկ եթե ուսուցիչը համապատասխանում է չորրորդ աստիճանի տարակարգին, չի կարող դիմել դրա համար, քանի դեռ չի անցել նախորդող 3 շրջափուլով։ Արդյունքում` որակավորման չորրորդ աստիճանի տարակարգ անցած 10 տարում որևէ ուսուցչի չի շնորհվել։
Ընդհանուր առմամբ` 2021 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37 500 ուսուցիչներից որակավորման տարակարգ է շնորհվել 2321 ուսուցչի, որից 2154-ին՝ 1-ին, 160-ին՝ 2-րդ, 7-ին՝ 3-րդ աստիճանի։
Առկա խնդիրները վերացնելու նպատակով կառավարությունն այսօր ընդունած որոշմամբ որոշ փոփոխություններ է կատարել գործող կարգում։