Իրանն ուզում է ՌԴ-ի հետ ստեղծել ավտոպահեստամասերի արտադրության համատեղ ձեռնարկություններ

Իրանցի արտադրողները պատրաստ են համագործակցել մի քանի ուղղություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Իրանը շահագրգռված է Ռուսաստանի հետ ավտոմոբիլային պահեստամասերի արտադրության համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի պահեստամասերի արտադրության ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Նաջաֆի Մանեշը։
Իրանը մեկ քայլ է հեռու հայրենական ուղևորատար ինքնաթիռ ստեղծելուց․ Ռայիսի
«Շատ լավ կլիներ համատեղ արտադրություններ ստեղծել ռուս և իրանցի ներդրողների, բանկերի մասնակցությամբ, այդ թվում՝ երկու երկրների շուկաների համար դետալներ արտադրող ձեռնարկություններ բացել։ Դա հնարավոր է»,-ասել է Մանեշը։
Նրա խոսքով՝ իրանցի արտադրողները պատրաստ են համագործակցել մի քանի ուղղություններով։
«Դրանցից առաջինը ՌԴ-ին անհրաժեշտ ավտոպահեստամասերի արտահանումն է, երկրորդը՝ Ռուսաստանից մեզ անհրաժեշտ ավտոպահեստամասերի ներմուծումը (ավտոմոբիլային շարժիչների, ավտոմոբիլային արգելակների դետալների), երրորդը` առավել կարևորը՝ ավտոմեքենաների համատեղ արտադրությունը»,–ասել է Մանեշը:
Նա նշել է՝ քանի որ ՌԴ-ն ու Իրանն աշխատել են Renault ընկերության հետ, երկու երկրները կարող են մասեր փոխանակել այդ մակնիշի մեքենաների համար:
Իրանը քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասեր կմատակարարի Ռուսաստանին
«Մենք ավելի քան երկու հազար արտադրական դետալներ ունենք։ Դրանց թվում են անվտանգության բարձիկները, արգելակման բռնակները, ղեկը, թափքը... մեքենայում օգտագործվում է մոտ երեք հազար դետալ, մենք արտադրում ենք մոտ երկու-երկուսուկես հազարը: Իհարկե, ՌԴ-ում նույնպես դետալներ են արտադրվում», - ավելացրել է Մանեշը։
Նրա կարծիքով՝ Մոսկվան ու Թեհրանը պետք է միավորեն երկու երկրների հնարավորությունները։