Ինչպիսի իրավիճակ է հայ–ադրբեջանական սահմանին

Զինծառայողներ
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, սեպտեմբերի 28-ին հերթական անգամ խախտել էին հրադադարի ռեժիմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը չի փոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ: