Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Իմ հողից երբեք դուրս չեմ գա. Սոթքը դեռ չի վերադարձել բնականոն կյանքին

Դիվանագետներն այցելել են Գեղարքունիքի մարզ
Սոթքի աշակերտները սեպտեմբերի 13-ից հետո անցել են առցանց ուսուցման։ Իսկ թե երբ դասերը կանցկանցնեն հարազատ դպրոցում` հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մինչ այս պահը դպրոցն ու մանկապարտեզը չեն գործում։ Չնայած դրան, տեղի բնակիչները քիչ-քիչ փորձում են գյուղ վերադառնալ։ Ժամանակավորապես այլ համայնքներ տեղափոխվածները երեխաների կրթության հարցը հիմնականում հեռավար ուսուցմամբ են փորձում լուծել։
Քրիստինե Բեգյան
«Մենք Վարդենիսում տուն ենք վարձել և դեռ էնտեղ ենք ապրում։ 10 տարեկան երեխա ունեմ, որն օնլայն է դասերն անում։ Այլ դպրոց տեղափոխելու մասին դեռ չենք մտածում` սպասում ենք տեսնենք, թե հետոն ինչ է լինելու, ուսուցիչների հետ կապի մեջ ենք»,–Սոթքում լրագրողների հետ զրույցում ասաց Քրիստինե Բեգյանը։
Ջերմուկում երեկ Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է ականանետ և ԱԹՍ–ներ. ԳՇ պետի տեղակալ
Տեղի մեկ այլ բնակչուհի` Վարդուհի Խաչատրյանն արդեն վերադարձել է Սոթք` ամուսնու մոտ։ «Երբ պատերազմը սկսվեց, քնած էինք, և թոռներիս հետ անմիջապես պետք է գյուղը լքեինք։ Չիմացանք` ինչը վերցնենք, ինչը թողնենք։ Մեքենա էլ չունեինք, և մի կերպ հողաթափերով մեզ գցել ենք տեգորս մեքենան, փախել։ Հրթիռակոծության ձայները բարձր էին` չէինք կողմնորոշվում` որտեղ են կրակում, տա՞ն ուղղությամբ է, թե՞ այլ տեղ»,–ասաց տիկին Վարդուհին։
Վարդուհի Խաչատրյան
Նա մի քանի օր Մարտունիում է մնացել, իսկ սեպտեմբերի 16-ին վերադարձել Սոթք՝ 2 փոքրիկ թոռներին հարազատների խնամքին թողնելով։ Կինն ասում է, որ ապրում են` չիմանալով, թե վաղն ինչ է լինելու։ Տիկին Վարդուհու ամուսինն արցախյան առաջին պատերազմի մասնակից է, իսկ կինը 1989 թվականից է Սոթքում բնակություն հաստատել և չի պատրաստվում հարազատ գյուղը լքել։
«Ես իմ տնից ուր գնամ` չգիտեմ, բացի այդ, ինչո՞ւ պետք է գնամ` սա իմ հողն է, իմ գյուղը։ Իմ հողից երբեք դուրս չեմ գա, բայց մեզ հենարան է պետք, որ իմանանք` վաղն ինչ է լինելու և վստահ լինենք, որ նորից չեն կրակի մեզ վրա։ Երբեք չեմ մտածել, որ մեր գյուղը կռմբակոծեն։ Մեր բանակի 18 տարեկան տղաները շատ արի են, ու իրենց կյանքի գնով դիրքերը պահեցին»,–ասում է տիկին Վարդուհին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհվել է երեք մարդ: