ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք դեպքեր ունենք, երբ հարյուրմիլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում դաշնակից երկրների կողմից։ Դա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրավիճակը»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս ամենն արվում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի պետականությունից, ինքնիշխանությունից, զիջումներ անի իր տարածքային ամբողջականությունից։
«Բայց ի հեճուկս այդ ամենի, մենք վճռական ենք մեր պետականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,– ասաց Փաշինյանը։
Այս համատեքստում, ըստ վարչապետի, Հայաստանն աշխատանքներ է տանում իր միջազգային գործընկերների հետ և, որպես միջազգային հանրության անդամ, ականջալուր է բոլոր այն կոչերին, որ հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական խաղաղ ճանապարհով։
Հայաստանն իր հերթին միջազգային հանրությանը որպես լուծում առաջարկում է հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։