ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծմանը զուգընթաց համակարգում պետք է աշխատավարձերի էական բարձրացում լինի։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, այս պահին պարեկային ոստիկանությունն էականորեն ավելի բարձր աշխատավարձ է ստանում։ Մեր ընկալումն այն է, որ ոստիկանության ու փրկարար ծառայության աշխատավարձերը պետք է շոշափելի անգամներով բարձրանան։ Զուգահեռ մենք պետք է որակի հավաստագրում ունենանք, այսինքն` համոզված լինենք, որ վճարվող աշխատավարձով կարող ենք ակնկալել համապատասխան որակի աշխատանք»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` այդպիսով կմեծանա պետության նկատմամբ հանրության վստահությունը։ Վարչապետն ընդգծեց, որ իրենք պետք է բոլոր ոլորտներում գնան այս ճանապարհով։
Ներքին գործերի նախարարության վերստեղծման հարցը քննարկվում է ավելի քան մեկ տարի։ 2021 թվականի նոյեմբերին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են գրեթե ամեն օր, մշակվում են բոլոր նրբությունները, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան։
Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2003 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հուլիսին հայտնել էր, որ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը կձևավորվի արտակարգ իրավիճակների նախարարության հենքի վրա և կներառի ԱԻՆ–ի, ոստիկանության և միգրացիոն ծառայության բոլոր ստորաբաժանումները։ ՆԳ նախարարը կունենա մի քանի տեղակալ, որոնցից մեկը` ՆԳ տեղակալ /ոստիկանապետ, մյուսը` ՆԳ տեղակալ /Փրկարար ծառայության պետ, և ընդհանուր ՆԳ տեղակալ, որը կհամակարգի մնացած բոլոր ստորաբաժանումները։