Դեպի «Զվարթնոց» նոր ճանապարհ, ավտոբուսային դեպո. ինչ ծրագրեր ունի Երևանի քաղաքապետարանը

Համայնքը նախատեսում է ընդլայնել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում դիտարկում է դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ խոսել է համատեղ իրականացվող ծրագրերի մասին և անդրադարձել Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանին։
«Այնտեղ նախատեսվում է կառուցել գազի և դիզելային վառելիքի լիցքավորման կայան, ավտոբուսների լվացման կայան, ինչպես նաև տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ` ավտոբուսների բացօթյա կայանման համար։ Համայնքը դիտարկում է նաև նոր դեպոյի կառուցում` ձեռք բերվող նոր ավտոբուսները սպասարկելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Քաղաքապետ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը` ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ։
Վճարային նոր համակարգ և նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացրել
Պաոլո Սպանտիգատին էլ նշել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին: