Այս պահին Սոթքի ոսկու հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 %-ով. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը
Կարեն Սարգսյանը հայտնեց, որ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները մտավախություն ունեն, որ հանքի տարածքում նույնպես կարող են բախումներ լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Սոթքի ոսկու հանքն այս պահին աշխատում է։ Գեղարքունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ռազմական գործողությունների ընթացքում դադարեցվել էր Սոթքի հանքի գործունեությունը։ Այնուհետև ևս 3 օր չի աշխատել հանքը։ Այս պահի դրությամբ հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով»,–ասաց մարզպետը։
Նրա խոսքով` այս պահին աշխատակիցների անվտանգությունն ապահովված է։ Սակայն նրանք մտավախություն ունեն, որ հանքի տարածքում նույնպես կարող են բախումներ լինել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Այս պահին հայտնի է, որ լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 210-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 4 անձ, 1 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: