ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի վերջին ռազմական հանցագործությունների պատճառով այժմ վտանգի տակ է գտնվում ավելի քան 500 հուշարձան, 14 թանգարան՝ 45 000 նմուշներով։ Այս մասին այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նշենք, որ սեպտեմբերի 28-30-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովը», որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը:
Դումանյանը ներկայացրել է, որ ՀՀ ՄԻՊ գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից արդեն տեղահանվել է առնվազն 7600 հոգի։ Այդ մարդիկ այժմ զրկված են իրենց հիմնական իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի հասանելիության իրավունքից, որը հակասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին (հոդված 27), որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:
Դումանյանը նաև շեշտել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը։
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձաններ, ինչպես նաև 12 պետական թանգարաններ և պատկերասրահներ՝ 21000 նմուշներով։
«Ադրբեջանն իրականացնում է Արցախում և մերձակա տարածքներում հայկական ներկայության պատմական ապացույցները բնաջնջելու քաղաքականություն՝ հայկական հուշարձանների և մշակութային վայրերի միտումնավոր ոչնչացման միջոցով»,– նշել է նա։
Դումանյանը կոչ է արել միջազգային գործընկերներին իրենց ձայնն ու ներդրումն ունենալ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման գործում: