ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը որոշել է փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ Այս մասին գրում է «Հրապարակն» իր այսօրվա համարում։
«Իշխող ՔՊ-ն իսկապես որոշել է պատգամավոր, մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանին գործուղել ԿԸՀ՝ փոխարինելու Տիգրան Մուկուչյանին, չնայած նա պաշտոնի պահանջներին չի համապատասխանում»,–գրում է թերթը։ Մուկուչյանի ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, նա այդ պաշտոնում է 11 տարի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչև հոկտեմբերի 12-ը: Թերթը գրում է, որ ԿԸՀ նախագահի թեկնածուին կներկայացնեն նախ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ հաստատում անցնելուց հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ, ապա կլինի փակ քվեարկություն:
«Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է կուսակցականացնել և ոչնչացնել բոլոր կառույցներն ու մանավանդ ապաքաղաքական պաշտոնները։ Նախ նախագահական նստավայրը, ՄԻՊ-ն ու դատախազությունը զավթեցին, ՍԴ գործուղեցին Ստյոպա Սաֆարյանի քրոջը, շուտով ԲԴԽ կգործուղվի Կարեն Անդրեասյանը, որը իր կենսագրությունը սկսեց աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը փակցնելով»,–գրում է թերթը` նկատելով, որ հիմա հերթը ԿԸՀ-ինն է։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15–ին ԱԺ-ն փակ քվեարկությամբ ՍԴ դատավորներ ընտրեց Հովակիմ Հովակիմյանին և Սեդա Սաֆարյանին։