Փաշինյանը հանդիպում կունենա թիմակիցների հետ. սեպտեմբերի 13-ից հետո հարցեր են կուտակվել

ՔՊ–ական աղբյուրը ArmLur.am կայքին հայտնել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մեսիջաշատ հարցազրույցն ու ասուլիսը էլ ավելի են խառնել ՔՊ-ականների մտքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կայցելի ԱԺ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման։ Այս մասին հայտնում է ArmLur.am կայքը` ՔՊ–ական աղբյուրին հղումով։
Ըստ կայքի զրուցակցի` սեպտեմբերի 13-ից հետո բազում հարցեր են կուտակվել, որոնք պարզաբանման կարիք ունեն. Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ԱՄն–ում ու Ֆրանսիայում։
«Պետք է հասկանալ, թե քննարկումների առանցքն ինչ է եղել»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։
Բացի այդ, ըստ կայքի, Փաշինյանի թիմն անհանգստացած է Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների և կաթողիկոսի հանդիպմամբ, հատկապես այն տեղեկությամբ, որ այդ ձևաչափի հանդիպումը կարող է շարունակություն ունենալ:
«Դե, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մեսիջաշատ հարցազրույցն ու ասուլիսը էլ ավելի է խառնել ՔՊ-ականների մտքերը, հույզերը»,– գրում է կայքը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին Մայր աթոռում տեղի էր ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը`կաթողիկոսի հրավերով։
Հանդիպման ավարտին Մայր աթոռը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր. «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները»։