ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի խաղողագործները կառավարության շենքի մոտ են։ Նրանք բողոքում են, որ մթերման և խաղողի գնի հետ կապված խնդիր ունեն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ինքը 30 տոննա խաղող ունի, սակայն իր ապրանքն ընդհանրապես չեն վերցնում։ Անցած տարի «ՄԱՊ» ընկերությանն է իր ապրանքը վաճառել, սակայն այս տարի պայմանագիր չլինելու պատճառով չեն համագործակցում իր հետ։
Խաղողագործների բողոքի ակցիան
© Sputnik / Asatur Yesayants
Խաղողագործներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ մոտ 20 տարի առաջ խաղողի ինքնարժեքը եղել է մոտ 100-105 դրամ, այսօր 150-160 դրամ է։
«Այսօր ամենաբարեխիղճը կոնյակի գործարանն է, որը 155 դրամով է մթերում, սակայն սահմանափակ քանակությամբ։ Ես անձամբ 20 տարի նրանց խաղող եմ մատակարարել, սակայն այս տարվանից ինձ հետ այլևս չեն աշխատում, ասել են` մթերման խնդիր կա։ Հիմա Մեծամոր և Սարդարապատ համայնքների ղեկավարները մեզ հետ են, մեր մարզպետն էլ կառավարությունում է, քննարկումներ են անցկացվում այս հարցով, սպասում ենք պատասխանին»,– նշեց գյուղացին։
Նա ասաց, որ գոհացնող պատասխան չստանալու դեպքում համապատասխան վերաբերմունք ցույց կտան կառավարությանը, սակայն չմանրամասնեց, թե ինչ են պատրաստվում անել։
Նշենք, որ խաղողագործների հետ կառավարության մոտ են եկել նաև Մեծամոր և Սարդարապատ համայնքների ղեկավարները։
Նրանք, ինչպես նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, որը կառավարությունում էր և այս հարցով քննարկումներ էր անցկացնում, ուղևորվեցին դեպի էկոնոմիկայի նախարարություն։