Մեր արտադրանքի արտահանման շուկաները կայուն չեն. փոխնախարարը` խաղողագործներին

Էկոնոմիկայի փոխնախարարը գյուղացիներին վստահեցրեց, որ խաղողագործության ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ են տարվել և տարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող խաղողագործներն էկոնոմիկայի նախարարությունում հանդիպեցին փոխնախարար Արման Խոջոյանի հետ։
Խոջոյանը շեշտեց, որ ներկա պահին մի քանի նախագիծ է քննարկվում, իսկ լուծումներն էլ այնպես չէ, որ հիմա են առաջարկվում։
«Դեռ մայիս ամսից կառավարությունն առաջարկում է լուծումներ նաև վերամշակվող կազմակերպություններին։ Խաղողագործության ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ են տարվում` սկսվել են խաղողի տնկարկների քարտեզագրում, որպեսզի հստակ քանակն իմանան, ուսումնասիրվում են նաև խաղողի սորտերը, ուշադրության կենտրոնում են պահում նաև կշեռքների ճշգրտության հարցը։ Վերջին 2-3 տարում և՛ Հայաստանի, և՛ արտասահմանի այն շուկաները, որտեղ արտահանվում է մեր արտադրանքը, կայուն չեն»,– նշեց Խոջոյանը։
Նրա խոսքով`վերջերս խնդիր էին առաջացրել նաև փոխարժեքի տատանումները, քանի որ դոլարով կնքված պայմանագրերի դեպքում դժվարություններ են առաջանում։
Հիշեցնենք` Արմավիրի մարզի խաղողագործները, ինչպես նաև Մեծամոր և Սարդարապատ համայնքների ղեկավարներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքում էին, որ մթերման և խաղողի գնի հետ կապված խնդիր ունեն։ Կառավարության մոտից նրանք գնացին էկոնոմիկայի նախարարություն։