Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան

Կապիտուլյացիան հանրության մեջ առաջացնում է դեգրադացիա ու անզորության զգացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ստեղծված իրավիճակում հանրային կոնսոլիդացիան անհրաժեշտ պայման է։ Այսօր կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար։ Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա։ Կապիտուլյացիայի համար պետք է հակառակը` դեկոնսոլիդացիա»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ իր համար հասկանալի չէ` սա նպտակային է արվում, թե չգիտակցելով։
Այդուհանդերձ, ըստ նրա, կապիտուլյացիան հանրության մեջ առաջացնում է դեգրադացիա ու անզորության զգացում։
«Սա է միգուցե պետք այսօր այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին հայտարարությանը, Քոչարյանը նշեց, որ առաջին նախագահն այդ տեսակետն ունեցել է 1992թ–ից։ Ինքը հակառակը` երբեք չի մտածել, որ լինում են անհույս վիճակներ։
«Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականների հետ։ Այո՛, վիճակը ծանր է, այո՛, կան բազմաթիվ պրոբլեմներ։ Բայց դա չի նշանակում, որ մենք այդ վիճակում ուղղակի պետք է հանձնվենք և ընդունենք այն պարտադրանքները, որոնք այսօր կան Հայաստանի նկատմամբ»,– ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն ասել էր, որ հայաստանյան ընդդիմության մեծ մասը կարծում է, որ եթե ազատվի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կարող է խուսափել ցավոտ լուծումներից, որը սպասվում է Ադրբեջանի հետ։ Տեր–Պետրոսյանի խոսքով` բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար, հիմա խնդիրն այն է, որ այդ բոլոր վատ լուծումներից ընտրենք պակաս ցավալին։
«Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել... Ճապոնիան չի՞ նվաստացել, կապիտուլյացիայի ենթարկվել, ի՞նչ կա էդտեղ. դա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան»,–ասել էր Տեր–Պետրոսյանը։ Նա նշել էր, որ Փաշինյանն էլ է սպասվող փաստաթղթից վախենում, որովհետև գիտի, որ «ինչ էլ ստորագրի, ասելու են` դավաճան, թուրք»։