ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այս օրերին Յուպիտերը երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարելի է դիտել բավական վառ ու հստակ: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Հայկ Հարությունյանը։ Դրան նպաստել է երկու հանգամանք՝ Յուպիտերի մերձեցումը Երկրին և ընդդիմությունը Արևին։
Ընդդիմությունը նշանակում է, որ եթե Երկրից նայենք, Յուպիտերը հայտնվել է Արեգակի հակառակ կողմում (երբ արևն իջնումէ արևմուտքում, Յուպիտերը բարձրանում է արևելքից): Հետևաբար, Արեգակի լույսը նվազագույնն է ստվերում Յուպիտերը, և այս մոլորակը կարելի է տեսնել իր ամբողջ փայլով:
Բացի դա, Յուպիտերը մոտեցել է Երկրին 1963 թվականից ամենամոտ հեռավորության վրա։ NASA-ի տվյալներով՝ այժմ երկու մոլորակները հասել են առավելագույն մերձեցման (շուրջ 590 մլն կմ), մինչդեռ հեռավորության գագաթնակետին դրանք հեռանումեն մինչև 960 մլն կմ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը նշեց, որ Յուպիտերը հնարավոր կլինի դիտել իր ամբողջ պայծառությամբ մի քանի շաբաթ (քանի որ այն հեռու է Երկրից, ապա մեր նկատմամբ իր դիրքը դանդաղ է փոխում)։
«Այն շատ լավ կերևա, ուրիշ ժամանակ այնքան վառ երևում է միայն Վեներան։ Իսկ լեռներում, այդ թվում՝ Բյուրականում, տեսանելիությունը, իհարկե, ավելի լավ կլինի», - ավելացրեց Միքայելյանը։
Բյուրականում հնարավոր կլինի նույնիսկ համեմատաբար թույլ աստղադիտակով տեսնել Յուպիտերի չորս խոշորագույն արբանյակները՝ Գանիմեդը, Իոն, Եվրոպան ու Կալիստոն (Բյուրականի աստղադիտարանում դրանք, բնականաբար, ավելի լավ կերևան)։ Երևանի երկնքում դրանք ավելի դժվար է նկատել. այստեղ, ինչպես և ցանկացած խոշոր քաղաքում, նույնիսկ գիշերը ուժեղ լուսային ֆոն է պահպանվում։ Հետևաբար, մայրաքաղաքում սիրահար աստղագետները պետք է մոտ 150-ապատիկ մեծացնող աստղադիտակ օգտագործեն։
Յուպիտերի արևածագը, ինչպես նշեցինք, հնարավոր կլինի դիտել երեկոյան արևելքում, իսկ գիշերվա ընթացքում այն կգտնվի երկնքի հարավային մասում: