ՀՀ ՄԻՊ–ը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ և ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Հայաստանի ձեռնարկվելիք քայլերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ և նրան ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը:
Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման կարևորությունը անվտանգության լրջագույն սպառնալիքների համատեքստում:
Նա անդրադարձել է ՄԻԵԴ-ում քննվող գործերով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ հանդես գալու իրավասությանն ու այդ ուղղությամբ ՄԻՊ–ի կողմից տարվող աշխատանքներին:
ՄԻՊ–ը նաև ՄԻԵԴ նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում ի թիվս այլնի, վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:
Ռոբերտ Սպանոն իր հերթին ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Հայաստանի ձեռնարկվելիք քայլերին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Վիրավորների թիվ չի նշվում։