ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուի հետ։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է կատարել ֆրանսիացի նախարարը։
Հայաստանի և Ֆրանսիայի ՊՆ–ների հանդիպումը Փարիզում
«Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց սկզբնական դիրքեր»,– գրել է նա։
Սեբաստիեն Լեկորնուն նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում ինքը հայտարարել է իրավիճակը գնահատելու նպատակով Հայաստան շտապ կարգով պատվիրակություն գործուղելու մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։