Եթե ժողովուրդը պայքարի, հավանականություն կա այս ամենը գոնե կանգնեցնելու. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանն այսօրվա իրավիճակը համեմատեց 90-ականների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ապագայի բանալին Արցախի ժողովրդի ձեռքում է։ Այդպես է հիմա ու այդպես է եղել նաև 1992 թվականին։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Գնալու են նրանք էլիտար համագործակցության՝ քայլ առ քայլ ինտեգրվելով Ադրբեջանի՞ն, թե՞ իրենք պատրաստ են պայքարել։ Իրենք են որոշելու»,- նշեց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով՝ Արցախի ապագայի բանալու մյուս մասը Հայաստանի ժողովրդի ձեռքում է․
«Ժողովուրդը կպարտադրի՞ իշխանություններին որոշակիություն մտցնել․․․Եթե ժողովուրդը պատրաստ է պայքարել, ապա դեռ հավանականություն կա այս ամենը գոնե կանգնեցնելու»,-հատարարեց Քոչարյանը։
Նա այսօրվա իրավիճակը համեմատեց 90-ականների հետ` ասելով, որ նման խոսակցություններ, նույնությամբ, եղել են նաև այն ժամանակ։
Արցախում Հայաստանն այլևս դերակատար չէ. Լևոն Տեր–Պետրոսյան
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: