ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մարմարա ծովում մոտ 130 բեռնատար նավ է խարիսխ գցել` սպասելով Բոսֆորն անցնելու իր հերթին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նավերի երթևեկին հետևող Marine Traffic պորտալին։
Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բոսֆորի նեղուցում ժամանակավորապես դադարեցվում է երթևեկությունը թուրքական Թուզլայից Ռուսաստան ուղևորվող 190-մետրանոց Viva Eclipse բեռնատար նավի անսարքության պատճառով։ Ծառայության հաղորդմամբ` նավի աշխատանքի խափանման պատճառ է դարձել ղեկի արգելափակումը։
Պորտալի տվյալներով` Բոսֆոր մտնելու համար շուրջ 70 բեռնատար նավ և 60 լցանավ է հերթի կանգնել, այդ թվում` նավթամթերքի համար նախատեսված ռուսական «Մեխանիկ Խարիտոնով», «Լեդի Արիա», «Լեդի Մարիա», «Մեխանիկ Պանտելեև» լցանավերը։ Միևնույն ժամանակ բուն Բոսֆորում զբոսանավեր և ուղևորատար նավեր են լողում։
Նախորդ անգամ Բոսֆորը փակվել էր սեպտեմբերի 3-ին, երբ շարքից դուրս էր եկել և ծանծաղուտի մեջ խրվել 107–մետրանոց Briza նավը, որը Ստամբուլից Ուկրաինա էր ուղևորվում։ Նույն օրը նավերի երթևեկությունը վերականգնվել էր։