ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողները տուժող կճանաչվեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Ներկայում նախաքննություն է կատարվում, զոհված զինծառայողների ծնողներին տուժող ճանաչելու գործընթացն իրականացվում է»,– ասաց Թադևոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն այն ժամանակ ՔԿ–ից չէին հստակեցրել, թե որ հոդվածով։
Այժմ Թադևոսյանը նշեց` քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։