ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Կործանվել է Բուլղարիայի ռազմաօդային ուժերի Սու–25 ինքնաթիռներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով բուլղարական ազգային հեռուստաընկերությանը։
Բուլղարիայի պաշտպանության նախարարության տվյալով` դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռն արդեն պատրաստվել է վայրէջք կատարել «Բեզմեր» ավիաբազայի օդանավակայանում, որը գտնվում է Յամբոլ քաղաքի մոտակայքում։
Ինքնանետված օդաչուի պարաշյուտը չի բացվել ցածր թռիչքի պատճառով, բայց նա ողջ է մնացել, առողջական վիճակը բավարար է գնահատվում։ Ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է։
Դեպքի առնչությամբ ավիաբազա են ուղևորվել երկրի ՊՆ ղեկավար Դիմիտար Ստոյանովը և գլխավոր շտաբի պետ, ծովակալ Էմիլ Եֆտիմովը։
«Բեզմերը» ամենաժամանակակից և երկար թռիչքուղի ունեցող ավիաբազան է Բուլղարիայում, կահավորված է ՆԱՏՕ–ի չափանիշներին համապատասխան։ Կառուցվել է 2016 թվականին, որպեսզի կարողանա ծանր տրանսպորտային ինքնաթիռներ ընդունել դաշնակիցներից։
Բուլղարիայի բանակի սպառազինության մեջ 8 Սու–25 ինքնաթիռ կա, որոնց արդիականացման արժեքը Բելառուսում կազմել է շուրջ 82 մլն լև (ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար)։