ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որի հետ քննարկել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Հանդիպման սկզբում Թրեյսին անդրադարձել է 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցին, իր հարգանքն է փոխանցել զոհերի հիշատակին ու ցավակցությունը՝ նրանց ընտանիքներին։ Նա ընդգծել է, որ, ցավոք, վերջին օրերի պատերազմը ևս երիտասարդ տղաների կյանքեր խլեց։
«Մարդիկ այստեղ չեն ուզում լքել իրենց բնակավայրերը, ինչը մեծացնում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական գործողությունների ռիսկը։ Այս ամենը պետք է խիստ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»,–իր հերթին նշել է մարզպետ Ղուկասյանը։
ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ հակամարտությունը գտնվում է ԱՄՆ–ի ուշադրության կենտրոնում՝ նույնիսկ այն պարագայում, երբ ավելի լայն տարածաշրջանում կան զուգահեռ ընթացող հակամարտություններ։
«Մենք ամենաբարձր մակարդակներում, նաև դիվանագիտական խողովակներով, անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը և ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի»,–ասել է նա։
Նրա խոսքով` մարզ է այցելել գործընկերների հետ, որպեսզի տեղում հասկանալու, թե ինչ է կատարվում ու ինչով կարող են օգնել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։