Զոհվելու գիշերը մաման երազումս ասաց` հետդ եմ. Սուսաննան մասնակցել էր բոլոր պատերազմներին

Սուսաննա Գրիգորյանի հիշատակի անկյունը
Սուսաննա Գրիգորյանը պատերազմը սկսելուն պես Ջերմուկ է մեկնել։ Աղջկա հորդորներին, թե մի փոքր էլ իր մասին մտածի` Սուսաննան հանդիմանել է, թե տղաները մենակ են։ Աղջիկն ասում է` Եռաբլուրը տեսնելուց հետո է հասկացել, թե ինչու էր մայրը դիրքեր շտապում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Դիպուկահար Սուսաննա Գրիգորյանի տանն առաջինը մեզ դիմավորում է Լիլուն` Սուսաննայի շունը։ Նա գալիս է դարպասների մոտ, հոտոտում մեզ ու չնայած պոչն ընկերաբար աջ-ձախ է խաղացնում, բայց թողնում-հեռանում է։ Լիլուն սեպտեմբերի 14-ին ողջ օրը ոռնացել է` հենց այդ օրն էլ Ջերմուկում զոհվել է Սուսաննան. դրանից հետո շունը մարդկանց հոտոտում է, բայց չի խաղում հետները...
Լիլուն
Սուսաննայի տունն Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում է` բնակելի հատվածից կտրված մի տեղ։ Տունը Սուսաննային չի պատկանում` ընկերներից մեկն է տվել, որ այնտեղ ապրի։ Սուսաննան իր ձեռքով է շինությանը դուռ-պատուհան դրել, ջուր քաշել, «տանիք կապել», ներսի պատերը ներկել։ Տան պայմանները, սակայն, հեռու են այնպիսին լինելուց, որին արժանի է բոլոր պատերազմներին մասնակցած կինը։
Սուսաննա Գրիգորյանի տունը
Սուսաննայի բացակայությունից հետո տանը գրեթե ոչինչ չի փոխվել` տան մի անկյունում ավելացել է նրա մեծացրած լուսանկարներից մեկը, իսկ աղջիկը` Մարիամը, մաքրել է մոխրամանն ու լվացել սուրճի բաժակը։ Սուսաննան այս տանը մենակ էր ապրում (նա ամուսնալուծված էր). աղջիկը 8-ամյա որդու` Գեորգիի հետ Էջմիածնում վարձով է ապրում, իսկ տղան` Խաչիկը, արդեն 15 տարի է, ինչ Ռուսաստանում է ընտանիքի հետ։
«Մաման սուրճ շատ էր խմում և ծխում. 5 գդալ շաքարավազ և 3 գդալ սուրճ` էս համադրությամբ էր սուրճը խմում, ինչպես նաև անպայման պետք է սերով լիներ։ Նստում էր բազմոցին` սուրճն ու ծխախոտը ձեռքին լուրեր կարդում։ Հիմա հենց տուն եմ մտնում, հայացքով նրան եմ փնտրում, ամեն ինչ այնքան արագ եղավ, որ դեռ աչքիս առաջ է նրա` պատերազմ մեկնելը»,–ասում է Մարիամը։
Մարիամը ցույց է տալիս մոր բաժակը
56-ամյա Սուսաննայի այս անգամ էլ պատերազմ գնալն անակնկալ չէր` Մարիամն արդեն սովոր էր, որ սահմանային առաջին իսկ ակտիվացման դեպքում մայրը դիրքեր է մեկնում։ Սուսաննան հղի էր Մարիամով, երբ մեկնել է առաջին արցախյան պատերազմ. որոշ ժամանակ անց իջել է դիրքերից, ծննդաբերել, կարճ ժամանակ անցնելուց հետո կրկին Արցախ մեկնել։
Քառօրյա պատերազմի ժամանակ նույնպես Սուսաննան մեկնել է կռվի, որպեսզի զինվորների կողքին լինի։ Մարիամը պատմում է, որ պատերազմի ավարտից հետո երկար ժամանակ մայրը դեռ դիրքերում է եղել, որպեսզի նորակոչիկները կարողանան գնալ տուն, հանգստանալ։
2019-ին Սուսաննային «ինսուլտ է խփում», մի կողմն ամբողջովին փայտանում է։ Ընկերների օգնությամբ Սուսաննան ոտքի է կանգնում, սակայն մինչև վերջ չի կազդուրվում։ 44-օրյա պատերազմը սկսվելուց հետո Մարիամը մտածել է, որ գոնե այս անգամ մայրը չի մեկնի ռազմաճակատ, կխնայի իրեն։
Սուսաննա Գրիգորյանի դուստրը՝ Մարիամը
Մարիամը հուզված, բայց ժպիտով պատմում է` «վերջին ասեղը սրսկվելու» հաջորդ օրը մայրը մեկնել է կռվի։ Չնայած դրան, երբ 44-օրյայից տուն է վերադարձել, 2 շաբաթ ոչ մեկի հետ չի խոսել. հետո կամաց-կամաց թոռն է սկսել տատիկին կյանք վերադարձնել։ Սուսաննային շատ է օգնել նաև Լիլուն, որին շների կացարանից են վերցրել և տուն բերել։
Չնայած Սուսաննայի առողջական վիճակն այն չէր, սակայն այսքան պատերազմներից հետո Մարիամի համար անակնկալ չէր նաև այս անգամ մոր` Ջերմուկ մեկնելը։ Ադրբեջանի հարձակման մասին լուրը լսելուց ժամեր անց Սուսաննան թոռանը, որն այդ օրն իր մոտ էր մնացել, տանում է Մարիամի տուն։ Հրաժեշտի խոսքեր չեն լինում` Սուսաննան գրկում է Մարիամին, համբուրում և մեկնում Ջերմուկ։
«Գիշերվա հազարին մաման եկավ մեր տուն։ Ասաց` գնում ենք, սկսել են լավ խփել։ Ինձ գրկեց, համբուրեց ու ոչինչ չասաց։ Ինչպես միշտ, այս անգամ էլ հեռախոսը տանն էր թողել։ Առավոտյան զանգեց ու տեղեկացրեց` Ջերմուկում է։ Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը երազ տեսա. մաման ինձ ասաց` հետդ եմ։ Արթնացա ու սկսեցի զանգել բոլոր մարտական ընկերներին, որ լուր իմանամ, քանի որ անհանգիստ էի, երբեք նման վատ զգացողություն չէի ունեցել։ Ընկերներից մեկն ասաց, որ մաման վիրավոր է։ Ու մինչև հերթով բոլոր հիվանդանոցներն էի զանգում, մամայի ընկերուհին ինձ զանգեց և ասաց` այլևս մի փնտրիր Սուսիկին...»,–պատմում է Մարիամն ու խեղդվում արցունքներից։
Սուսաննան զոհվել է սեպտեմբերի լույս 14-ին` ԱԹՍ–ի հարվածից։ Մարիամը գիտի միայն, որ դիրքը, որտեղ կռվել է մայրը, համառ մարտերի ու շատերի կյանքի գնով այժմ հայկական կողմի վերահսկողության ներքո է, «էդ դիրք թուրքը ոտք չի դրել»։ Երբ լսել են դեպի դիրք հակառակորդի առաջխաղացման մասին, մի քանիսի հետ դիպուկահար Սուսաննան առաջ է շարժվել, սկսել պայքարել։ ԱԹՍ–ի առաջին հարվածից հետո 3-4 վիրավոր են ունեցել, որոնց դիրքերից ներքև են իջեցրել և կրկին բարձրացել վերև։ ԱԹՍ–ի երկրորդ հարվածի հետևանքով էլ զոհվել է Սուսաննան։
«Երկրորդ հարվածի ժամանակ մաման զոհվեց. 7 վիրավորի և 8 զոհվածի փորձել են դիրքերից դուրս բերել։ Վիրավորներին կրակահերթի տակ իջեցրել են, իսկ զոհերին տեղափոխող մեքենան վնասվել է։ Որոշ ժամանակ անց կարողացել են նաև մեքենան իջեցնել... Հիմա ուզում եմ մամայի կյանքի վերջին պահի մասին ամեն ինչ իմանալ` ինչ է ասել, ինչ արել։ Իր մարտական ընկերներից մեկը, որը վիրավոր է, խոստացել է գալ և պատմել ամեն ինչ»։
Մարիամը մոր մասին չի կարողանում առանց լացելու խոսել` զրույցը ծանր է առաջ գնում։ «Մենակ մնացի, ու կապ չունի` էս օրերին ով կգա մոտս, մեկ է, արդյունքում ես մենակ եմ լինելու»,–ասում է նա։
Դուստրը չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու, քանի որ մայրը շատ էր օգնում իրեն։ Մինչ Մարիամն աշխատանքի էր լինում, նրա 8-ամյա որդու` Գեորգիի հետ ողջ օրը Սուսաննան էր զբաղվում` դասի ու լողի էր տանում, տուն բերում... Սուսաննան ու Գեորգին ընկերների պես են եղել, և փոքրիկ Գեորգին էլ տատիկի կորստից հետո շատ է ընկճվել։ Մարիամն ասում է, որ որդին տանը տեսել է տատիկի մեծացրած նկարը և զարմանքով հարցրել, թե ինչո՞ւ են Սուսաննայի նկարն այդքան մեծ տպել. «Գեորգիին ասացի, որ զոհվել է տատիկը։ Շոկի մեջ էր երեխաս, ասաց` ո՞նց, ես հիմա տատիկ էլ չունե՞մ... Ես էդ թուրքերի ...»։
Մարիամն ասում է` 2021-ին, երբ հակառակորդը ներխուժել էր ՀՀ տարածք և ամրակայվել Իշխանասարի մոտ (2 կողմի դիրքերը բավական մոտ են իրար), թուրքերը, քանի որ մորը և նրա «ձեռքի զորությունը» լավ էին ճանաչում, գոռալով ասել են` երբ կրկին պատերազմ լինի, առաջինը Սուսաննային են սպանելու։ Սուսաննան թոռանն էր այդ մասին պատմել, և Մարիամի խոսքով` փոքրիկ Գերոգին շատ է վախեցել, թե տատիին այս անգամ իրոք սպանելու են...
Մարիամն այլևս խոսել չի կարողանում` սենյակ է մտնում։ Այս օրերին Հայաստան է եկել Սուսաննայի որդին` Խաչիկը, որը նույնպես մոր մասին շատ բան պատմել չի կարողանում։ Խաչիկն ասում է` մայրն ամեն անգամ զանգում և ասում էր, որ կռվի էր մեկնում, և ոչ մի կերպ չէր լսում նրա հորդորները, որ գոնե մի անգամ իր մասին մտածի։
Սուսաննա Գրիգորյանի դուստրը՝ Մարիամն ու որդին՝ Խաչիկը
«Մայրս շատ խիզախ և հայրենասեր էր։ Մի քանի անգամ նրան ինձ մոտ` Ռուսաստան եմ կանչել։ Գալիս էր և 3 օր հետո բողոքում, թե կարոտել է հայրենիքը, հետդարձի տոմսերն արդեն առնեմ։ Զինվորականի բնավորությունն առօրյայում էլ էր զգացվում, և երբ մեծ տարիքում հարցրի` մամ, ինչո՞ւ ես էդքան խիստ եղել հետս, պատասխանեց, որ տղա մեծանաս»,–պատմում է Խաչիկը։
Տղայի խոսքով` ամեն ամիս Սուսաննան մարտական ընկերների հետ հավաքվում էր իրենց տանը՝ խնջույքի սեղանի շուրջ և ծիծաղով խոսում էին պատերազմների ժամանակ եղած որոշ դեպքերից։ Խաչիկը, սակայն, չէր սիրում նման պատմություններ լսել, նրա խոսքով` եթե մեկը գիտակցի, որ իր ծնողը կարող է կռիվ մեկնել և զոհվել, պատերազմի մասին այլևս ոչինչ լսել չի ուզի։
1 / 7

Հեռվում՝ Սուսաննա Գրիգորյանի տունը

2 / 7

Սուսաննա Գրիգորյանի դուստրը խաղում է Լիլուի հետ

3 / 7

Սուսաննա Գրիգորյանի տունը

4 / 7

Սուսաննա Գրիգորյանի լուսանկարներից

5 / 7

Սուսաննա Գրիգորյանի տունը

6 / 7

Սուսաննա Գրիգորյանի լուսանկարներից

7 / 7

Սուսաննա Գրիգորյանի լուսանկարներից

Սուսաննային հուղարկավորել են սեպտեմբերի 17-ին` Եռաբլուրում։ Մեր նկարահանող խմբին ճանապարհելիս Մարիամն ասում է` մորից այս անգամ նեղացել էր` նրան ասելով, որ պատերազմ մեկնելիս բոլորի մասին մտածում է, բացի իրենից ու երեխաներից։ Իսկ Սուսաննան պատասխանել էր, որ էգոիստ չպետք է լինել, «տղերքը մենակ են»։
«Մամայի հուղարկավորության օրը Եռաբլուր գնացի և, տեսնելով 18-20 տարեկանների շիրիմները, հասկացա մամային... Հասկացա` ինչ նկատի ուներ, երբ ասում էր` տղերքին ես պետք եմ»,–ասում է Մարիամը։