ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանը Ռուսաստանին կարտահանձնի զորահավաքից խուսափող միայն այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ահմեդժանովը։
Նրա խոսքով` զինկոմիսարիատների կողմից ռուսաստանցիների որոնման փաստը հիմք չէ նրանց արտահանձնելու համար։
«Ռուսաստանի հետ մենք իրավական օգնություն ցուցաբերելու, դատապարտվածների փոխանակման և հանցագործների արտահանձնման վերաբերյալ պայմանագրային հարաբերություններ ունենք։ Գլխավոր սկզբունքը թե՛ մեզ մոտ, թե՛ Ռուսաստանում, այն է, որ դա քրեորեն պատժելի հանցանք պետք է լինի», – ճեպազրույցի ժամանակ ասել է Ահմեդժանովը։
Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ասլան Ատալիկովը հայտնել էր, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի զորահավաքի մասին, Ղազախստան շուրջ 98 հազար ՌԴ քաղաքացի է մուտք գործել։ Միևնույն ժամանակ ավելի քան 64 հազար ռուսաստանցի լքել է Ղազախստանի տարածքը։