ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Արևմտյան ռազմական օկրուգի զորավարժարաններում ստուգել է պահեստազորից զորակոչված ռուսաստանցիների նախապատրաստման ընթացքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Շոյգուն անձամբ է ստուգել կրակային, մարտավարական և բժշկական պատրաստության գործնական պարապմունքները: Պարապմունքներն անցկացվում են բարձր ինտենսիվությամբ, այդ թվում` գիշերային ժամերին։
Ռազմական գերատեսչության ղեկավարը հրամանատարության հատուկ ուշադրությունն է հրավիրել մոբիլիզացված անձանց տեղակայման պայմանների և ինչպես զորամասում, այնպես էլ զինափորձարաններում նրանց տաք սննդով ապահովելու վրա:
Ռազմական զինափորձարանում գերատեսչության ղեկավարը նաև լսել է պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկա Եվկուրովի և ՌԴ ԶՈւ մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Իվան Բուվալցևի զեկույցները զորակոչվածների կողմից տարբեր ռազմական մասնագիտությունների գծով մարտական պատրաստության դասընթաց անցնելու, ինչպես նաև ստորաբաժանումների կազմում հետագա մարտական ներդաշնակման մասին:
Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել սեպտեմբերի 21-ից: Ինչպես ավելի վաղ նշել էր Սերգեյ Շոյգուն, այն անհրաժեշտ է 1000 կմ երկարությամբ շփման գծի և Ուկրաինայի ազատագրված տարածքների վերահսկողության համար: Զորահավաքի ընթացքում զորակոչվելու է ընդհանուր առմամբ 300 հազար պահեստազորային, դա ՌԴ-ի ընդհանուր զորահավաքային ռեսուրսի 1 տոկոսից փոքր-ինչ ավելին է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։