ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում 19 դիմում է ստացվել։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ–ն։
Նշենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը` ժամը 11։00-ն:
Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել է 1 դիմում՝ թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կմեկնարկեն այսօր՝ ժամը 14:00-ից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25–ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.47 տոկոսը։ 18 համայնքներում գրանցված 236 724 ընտրողներից ընտրական տեղամասեր են այցելել 119 469–ը։