Պատերազմի չսերտած դասերը․ ինչպե՞ս Հայաստանը բարձրացրեց Ադրբեջանի ագրեսիայի գինը

Սոթք. Արխիվային լուսանկար
Քաղաքագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ռազմավարական ու քաղաքական իրադրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքները ծանր իրադրության մեջ են դրել Հայաստանին. դրանք դեռ երկար ժամանակ են իրենց զգացնել տալու։
Նոր հակամարտության դեպքում հայկական կողմի ռազմավարական պայմանների կտրուկ վատթարացումը, մարտական գործողություններում նոր ուղղությունների ավելացումը, ուժերի հավասարակշռության փոփոխությունը (ոչ հօգուտ Հայաստանի), ագրեսիվ գործողությունների ավելացումն ու Ադրբեջանի հավակնությունները. սա պատերազմի արդյունքների ոչ ամբողջական ցանկն է:
Նշված խնդիրներին ավելացել են նաև համաշխարհային քաղաքական իրարանցումները` Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ու Ռուսաստանի և Արևմուտքի կոշտ առճակատումը, որը Հարավային Կովկասում հանգեցրել է նոր ճգնաժամի։ Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիան` արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքում, դրա վառ ապացույցն էր։
Ադրբեջանական ագրեսիա ու գերիներ. ՄԻՊ–ը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
Քաղաքագետ Դավիթ Հարությունովը կարծում է, որ 44-օրյա պատերազմից հետո քաղաքական մեծ խաղացողները կոնսենսուսի էին եկել, որ Հայաստանը պետք է որոշակի զիջումների գնար, սակայն իրավիճակը փոխվեց ուկրաինական ճգնաժամի արդյունքում, և այդ կոնսենսուսը քանդվեց։
«Ռուսաստանը հիմա զբաղված է Ուկրաինայով, ու հենց այս հանգամանքով պայմանավորված` ավելացավ Ադրբեջանի ագրեսիան վերջին օրերին»,- նշեց քաղաքագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ըստ նրա` Հայաստանի իշխանությունն ունի մեղքի իր բաժինը։ Հարկավոր էր ավելի ագրեսիվ քայլեր ձեռնարկել հակառակորդի դեմ։

«Այդ գործողությունները ոչ թե կվերականգնեին ուժերի բալանսը կամ կլինեին Հայաստանի օգտին, քանի որ Հայաստանը հիմա տնտեսական առումով ռեսուրս ու պոտենցիալ չունի դրան հասնելու համար, այլ կստեղծեին իրավիճակ, որտեղ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների գինն ավելի բարձր կլիներ։ Թշնամու մեծ կորուստները կարող էին որոշ չափով զսպող դեր խաղալ»,- նշեց Հարությունովը։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը նաև դիվանագիտական առումով է թերություններ ունեցել։ Գնալ զիջումների ու փոխարենն ակնկալել խաղաղություն, ըստ նրա, սխալ մոտեցում է։
Խոսքը վերաբերում է 2020թ.-ի դեկտեմբերին։ Երբ Սյունիքի մարզի մերձակա դիրքերից հայկական ուժերը նահանջեցին, Հայաստանի մի քանի սահմանամերձ գյուղեր սկսեցին դիտարկվել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից, իսկ Հայաստանը Իրանի հետ կապող Գորիս-Կապան ռազմավարական մայրուղին հայտնվեց Բաքվի մասնակի վերահսկողության տակ։ Պետք է հիշել նաև 2021թ.-ի մայիսին տեղի ունեցած իրադարձությունները։ Սյունիքի և Գեղարքունիքի որոշ գյուղերի մոտ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժեցին Հայաստան: Այս բոլոր դեպքերում հայկական կողմը ավելի մեծ բախումներից խուսափելու համար ձեռնպահ մնաց պատասխան գործողություններից։ Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, նման քաղաքականությունը սխալ էր։
«Զիջումային քաղաքականության տապալումն այն է, որ անհասկանալի է, թե որտեղ և ինչ փուլում Ադրբեջանը կանգ կառնի։ Այս պահին, անկախ հայկական կողմի քայլերից, Բաքուն ռազմական ուժ է կիրառում։ Ցավոք, նա շարունակելու է դա անել նաև ապագայում», - ասում է Հարությունովը։
Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգության երաշխիքներին, ապա քաղաքագետը նշում է, որ այս պահին Հայաստանը փորձում է հավելյալ երաշխիքներ գտնել Արևմուտքում, բայց արդյունք, ըստ նրա, դեռ չկա։
«Ակտիվ դիվանագիտություն ենք վարում Արևմուտքի հետ, բայց այն չի տալիս իր արդյունքը։ Արևմուտքը ինչ-որ հայտարարություններ է անում, որոնք գուցե Հայաստանի օգտին են, բայց գործնականում առաջընթաց չկա։ Արդյունքում մենք կարող ենք խնդիր ունենալ Ռուսաստանի հետ»։

Եթե փորձենք ամփոփել, ապա, ըստ քաղաքագետի, Հայաստանում համակարգային ճգնաժամ է։ Այս ճգնաժամը պայմանավորված է այլընտրանքային լուծումների բացակայությամբ, որոնք մի կողմից կապահովեն տարածաշրջանի խաղաղությունը, մյուս կողմից ՝ պետության անվտանգությունը։

Անդրադառնալով հասարակության ներսում տիրող իրավիճակին՝ քաղաքագետ Դավիթ Հարությունովը նշեց, որ մարդիկ այսօր միայն մտածում են, որ պատերազմ չլինի, ու հենց դրանով են պայմանավորված 2021 թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, երբ «խաղաղ օրակարգ» խոստացող իշխանությունը կրկին հաղթեց։ Հայ հասարակության համախմբումը փորձագետն այս պահին շատ բարդ խնդիր է համարում, ըստ նրա` տրոհում է տեղի ունեցել, որը հանգեցրել է ներկայիս բարդ իրավիճակին։
Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյայի արդյունքներից. Փաշինյան