ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վիրավորական է համարում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ էլեկտրաէներգիայի հաշիվները Մոսկվա ուղարկելու առաջարկը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրոպայում ավելանում է զայրացած մարդկանց թիվը... Բրյուսելի բյուրոկրատները պետք է հասկանան, որ չի կարելի խաղ անել ազգային տնտեսությունների ու միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հետ։ Դա անպատասխանատու քայլ է»,– ասել է նա։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանի նիստի ընթացքում եվրոպացիներին առաջարկել է էլեկտրաէներգիայի հաշիվներն ուղարկել Մոսկվա: «Այդ հաշիվներն ուղարկեք Մոսկվա, դրանց տեղն այնտեղ է», - հայտարարել է նա՝ ի պատասխան ֆրանսիացի եվրապատգամավոր Մանոն Օբրիի քննադատությանը, որը ցույց է տվել հայրենակիցների սպառած գազի և էլեկտրաէներգիայի աճող հաշիվները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։
Արևմուտքը Ուկրաինայի պատճառով պարբերաբար ուժեղացնում է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։ Պուտինի խոսքով` Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: ըստ նրա` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։