ՀՀ գլխավոր դատախազը պաշտոնից ազատել է Հայկ Ասլանյանին

Հայկ Ասլանյան
Ներկա պահին Աննա Վարդապետյանը երկու տեղակալ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանին։ Նրա հրամանը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Հրամայում եմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ջիվանի Ասլանյանին սեպտեմբերի 28-ից ազատել պաշտոնից»,– ասված է փաստաթղթում։

Նշենք, որ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո գրեթե անմիջապես պաշտոնից ազատեց գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։ Սեպտեմբերի 26-ից Վարդապետյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է նրա մեկ այլ տեղակալ Արմեն Աֆանդյանը։
Բացի այդ, պաշտոնից ազատվել են նաև Վահե Հարությունյանի տեղակալներ Արսեն Սարդարյանն ու Սևակ Հովհաննիսյանը։
Ներկա պահին Վարդապետյանը երկու տեղակալ ունի` Աննա Գալյանն ու Գևորգ Բաղդասարյանը, որոնք այդ պաշտոններում նշանակվել են 2020թ–ի օգոստոսին և սեպտեմբերին։
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։