ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այսօր մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
ՀՀ ԱԺ փոխնախագահը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան կարճատև զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Շինձո Աբեի հուղարկավորության արարողությանը մասնակցել են ավելի քան 100 երկրից ժամանած պետական բարձրաստիճան պատվիրակություններ:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետի պետական հուղարկավորության արարողությունը կազմակերպվել է Տոկիոյի «Nippon Budokan» մարտարվեստների սրահում:
Հուղարկավորությանը ներկա են եղել շուրջ 4,5 հազար հյուրեր և կայսերական ընտանիքի ներկայացուցիչները։ Անվտանգությունն ապահովել են մոտ 20 հազար ոստիկան, որոնց մի մասը ժամանել է այլ շրջաններից։ Տոկիոյի կենտրոնում հիմնական ավտոճանապարհները փակվել են սեպտեմբերի 26-28-ը, քանի դեռ քաղաքում են օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը:
Հիշեցնենք, որ Սինձո Աբեն մահացու վիրավորում էր ստացել հուլիսի 8-ին Նարա պրեֆեկտուրայում նախընտրական հանրահավաքի ընթացքում ելույթի ժամանակ: Նրա դիակիզումը տեղի է ունեցել հուլիսի 12-ին։
Սպանության հետաքննության շրջանակում իշխանությունները խոստովանել են, որ սխալներ են թույլ տրվել Աբեի անվտանգության ապահովման հարցում։