Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ. պաշտպանի մեղադրանքը մերժվել է

Վարդանյանին կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը, դեռ մայիսի 12-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կրկին մերժել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բերված պաշտպանի վերաքննիչ բողոքը։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է պաշտպան Բենիկ Գալստյանը։
«Գերասիմին կալանքի տակ պահելու երկու որոշման դեմ վերաքննիչ բողոքները երկու դեպքում էլ մակագրվել են դատավոր Արսեն Նիկողոսյանին։ Նա մերժել է դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից կայացված որոշման դեմ բերված իմ բողոքը։ Կարող եմ ասել, որ Գերասիմին կալանքի տակ պահելու հիմքերը պարզապես մտացածին են։ Գերասը կալանքի տակ է, որովհետև օրվա իշխանությունները, մեղմ ասած, «չեն սիրում» նրան, որովհետև նա չի ընդունել այն թեզը, թե Հայաստանը վերջնականապես պարտված է, իսկ Արցախի հարցը փակված է, պայքարել է այդ թեզը շրջանառության մեջ դնողների և այն տարածողների դեմ»,– գրել է Գալստյանը։
Դատարանը մերժել է պատգամավորների երաշխավորությունը Գերասիմ Վարդանյանին ազատելու համար
Նշենք, որ դեռ օգոստոսին Վարդանյանին ազատ արձակելու համար երաշխավորությամբ հանդես էին եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Աննա Գրիգորյանը և Մաթևոս Ավետիսյանը։
Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:
Հիշեցնենք, որ մինչ կալանքը Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը։ Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` գրավի գումարը չեն վճարել, քանի որ այդքան գումար, բնականաբար, չունեն։ Վարդանյանը մայիսի 12-ին կալանավորվել էր։