ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի 21-ամյա մի աղջկանից շքամուտքում անհայտ տղամարդը հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 9000 դոլար և 220 000 դրամ, փաստաթղթեր և բանկային քարտեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Տղամարդն արցունքաբեր գազ է փչել աղջկա դեմքին ու կողոպտել, վերջինս էլ ժամը 06։54-ին ահազանգել է ոստիկանություն։
Իրավապահները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը։ Նա Երևանի Թումանյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդ է, որը հայտնաբերվել է նույն օրը Բագրատաշենի սահմանային անցակետում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։ Տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը։
Փաստի արթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (ավազակություն) մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Shamshyan.com կայքն էլ տեղեկացնում է, որ աղջիկը Ղազախստանի քաղաքացի Ա. Ասլանովան է և աշխատում է Երևանի «Քրեյզի» գիշերային ակումբում` որպես պարուհի։