Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ակնկալում ենք, որ Ֆրանսիան կշարունակի գերիներին վերադարձնելու ջանքերը. Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը համակարծիք են եղել, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու ուղղությամբ։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
«Ակնկալում ենք, որ մեր ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման դադարեցման ուղղությամբ»,- ասել է Սիմոնյանը։
Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հարցը: Կողմերը համակարծիք են եղել, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ:
Հիշեցնենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: