ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։ Տեղեկությունը հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է արել Իլհամ Ալիևին վերադառնալ հրադադարի ռեժիմին և զինվորականներին վերադարձնել իրենց նախնական դիրքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մակրոնը Ալիևի հետ զրույցում հաստատել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցությունները չլուծված հարցերի շուրջ՝ վստահեցնելով, որ Ֆրանսիան իր հերթին պատրաստ է ջանքեր ներդնել։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը երեկ Ֆրանսիայում հանդիպում է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Փաշինյանը միջազգային հանրությանն առաջարկել է դիտորդներ ուղարկել Հայաստանի սահմանամերձ շրջաններ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: