ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ փաստարկված տեղեկատվությունը։
Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների, ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։
Գլխավոր քարտուղարն իր հերթին հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը և վերահաստատել իր հանձնառությունը՝ շարունակելու ջանքերն այս ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի՝ սեպտեմբերի 13-14-ի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: